Թումանյանի մասին

Ինչպես հազարավոր երեխաների, այնպես էլ Թումանյանի զավակների համար Նոր տարին ամենասիրելի տոներից էր: Ամբողջ կյանքում միայն նվիրելու, անմնացորդ տալու և դիմացը ոչինչ չստանալու և չակնկալելու հատկությամբ օժտված հայրիկը ոչ թե գիշերվա ժամը 12¬ին, այլ հունվարի 1¬ի առավոտը վաղ կանչում էր երեխաներին իր աշխատասենյակը, կանգնեցնում ըստ տարիքի, բարձի տակից հանում և հանդիսավոր ձևով հանձնում էր «Ձմեռ պապի նվերները», որոնք մեծ մասամբ գունավոր, պատկերազարդ գրքեր էինՙ «Մոխրոտիկը», «Պստիկն ու Ճստիկը», «Քնած գեղեցկուհին», «Կարմիր գլխարկը», «Կարենն ու Մանչուկը», «Օրբեոնի հրաշալի եղջյուրը» և ասում.

Մուշիկ, Նուշիկ, Անուշիկ,
Արտիկ, Համլիկ, Արփուշիկ,
Աշխեն, Արեգ շուտ արեք
Տոնածառը զարդարեք։
Թամարի ու Սեդայի անունները չկային մի շատ պարզ պատճառովՙ այդ տողերը ասվել են 1905 թ. հունվարի մեկին, երբ Սեդան և Թամարը դեռ չէին ծնվել։
***
Թումանյանի զավակներն էլ իրենց հերթին փորձում էին իրենց շնորհալիությամբ, արվեստի նկատմամբ տածած սիրով արտահայտել շնորհակալությունը հայրիկին։ Տասը զավակներով ստեղծել էին «Մանուկ» ընկերություն, որի բոլոր նախաձեռնությունները անցնում էին Թումանյանի ակտիվ մասնակցությամբ: Այսպես, երբ Աշխենի տանը Մուշեղը բեմադրեց Թումանյանի «Ծաղիկների երգը», կակաչի դերը վստահեց Թամարին: Համլիկ¬ջուրը, Արեգ¬արևը, Սեդիկ¬աղջիկը, Անուշ¬արևածաղիկը, Արփիկ¬շուշանը, Թամար¬կակաչի հետ շատ ուրախացրին բանաստեղծին։ Այդ մասին վկայում է նրա լավագույն հուշագիր¬դուստրը` Նվարդը. «Հայրիկը շատ հավանեց» ։
***
Բնական է, որ մեծ գրողի ստեղծագործության արժեքը երեխաները չէին կարող գիտակցել շատ վաղ տարիքում, մանավանդ որ այդ գրողը նրանց հայրիկն էր։ Առաջին անգամ այդ մեծությունը գիտակցեց 12¬ամյա Թամարը, երբ Գայանյան օրիորդաց դպրոցի սան էր։ Դպրոցական դասագրքից կարդալով «Անուշ» պոեմի «Ամպերը դանդաղ ուղտերի նման» տողով սկսվող հատվածըՙ բարձրաձայն իր հիացմունքն է հայտնում հայրիկին։ Բանաստեղծն էլ, ծնողական բերկրանքով ժպտալով, ասում է իր կրտսեր դստերը. «Աղջիկս ինձ նոր ճանաչեց» և անմիջապես նրան է նվիրում «Անուշ» պոեմի 1916 թ. հրատարակությունըՙ անվանաթերթի վրա գրելով.
Իմ Թամարիկին,
Որ իր հայրիկին
Ճանաչեց նոր ¬
Էսօր։
***
Իրոք, Թումանյանը հաճախ էր կատակում, զվարճանում երեխաների հետ և քանի որ զավակներն էլ ամեն ինչով ձգտում էին նմանվել իրենց հայրիկին, ապա Թամարին դեռ մանկուց խորթ չէին հումորն ու կատակը, հատկապես հայրիկի հետ զրուցելիս։ 1919 թ., երբ Լոռեցիների հայրենակցական միությունը հրավիրել էր Թումանյանին նրա 50¬ամյա հոբելյանը նշելու, բանաստեղծը կատակում է, թե «Գնում եմ լոռեցիների քեֆին, շաշերը հավաքվել են»։ Իր հայրիկին նոր բացահայտած 12¬ամյա Թամարը պատասխանում է. «Դու ամենամեծ լոռեցին ես, ուրեմն դու ամենամեծ շաշն ես»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *