ՀՈՂԸ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՕՐԳԱՆԻԶՄՆԵՐԸ

Հողի մասին խոսելիս կամ դրա հետ աշխատելիս շատ բան է անհրա­ժեշտ իմանալ: Իհարկե, բոլորս լավ գիտենք, որ բույսերի մեծ մասն աճում է հողում: Այստեղ հանդիպում են նաև շատ կենդանիներ: Հողում մեծաքա­նակ են տարբեր բակտերիաները և սնկերը: Իսկ ի՞նչ է հողը, ի՞նչ բաղա­դրություն ունի:

Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է:

Հողում մոտ 50-60 սանտիմետր խորությամբ մի փոքր փոս փորելիս կարելի է նկատել հողի տարբեր շերտեր: Վերին շերտը մուգ գույ­նի է: Այստեղ են բույսերի արմատները: Հողի այս շերտը պարունակում է նաև տարբեր բույսերի և կենդանիների մնացորդներ: Այդ մնացորդները բակտերիաների և սնկերի օգնությամբ քայքայվում են, առաջանում է օր­գանական նյութերով հարուստ հումուս, որր հողին հաղորդում է մուգ գույն: Հողի ավելի խոր շերտերը բաց գույնի են, այս­տեղ քիչ է հումուսը:

Կարելի է ասել, որ հողը ոչ միայն բույսերի և այլ կեն­դանի օրգանիզմների ապրե­լու միջավայր է, այլ նաև՝ կեն­դանի օրգանիզմների կենսա­գործունեության արդյունք: Հումուսի պարունակու­թյամբ հողերը շատ տարբեր են: Հումուսով հարուստ է սևահողը, որտեղ լավ են աճում բույսերը: Հումուսի պակասի դեպքում բույսերն զգում են սննդի պակաս: Հողի բերրիության և բույսերի աճի ապահովման համար օգտագործում են պարարտանյութեր: Պարարտանյութերը պարունակում են տարբեր նյութեր և լրացուցիչ սնունդ են բույսի համար:

Բույսերի աճի համար անհրաժեշտ են նաև ջուր, թթվածին և այլ նյու­թեր: Ջրի պարունակությունը հողում փոփոխական է: Երբ անձրևները սա­կավ են, անհրաժեշտ է արհեստական ոռոգում, որի համար օգտագործում են լճերի, գետերի, ջրամբարների, ջրանցքների ջրերը: Իսկ թթվածնով հարստացնելու համար հողը փխրեցնում են:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ կենդանի օրգանիզմներ են հանդիպում հողում:
    Սնկեր, բակտերիաներ, որդեր և այլ միջատներ։
  2. Ի՞նչ է հողը, իսկ հումո՞ւսը:
    Հողը երկրագնդի մակերևույթի վերին բերրի շերտն է։ Հողի վերին շերտում կան բույսերի և կենդանի օրգանիզմների մնացորդներ, որոնք սնկերի և բակտերիաների օգնությամբ քայքայվում և վերածվում են օրգանական նյութերով հարուստ հումուսի։
  3. Ինչո՞ւ է հողի վերին շերտը մուգ գույնի:
    Հողի վերին շերտի մգությունը մեզ արդեն հուշում է, որ այն բերրի է, քանի որ այն հարուստ է հումուսով։
    4. Ի՞նչ են պարարտանյութերը: Ի՞նչ նյութեր են պարունակվում հողում:
    Պարատանյութերը պարունակում են տարբեր օգտակար նյութեր, որոնք լրացուցիչ սնունդ են ապահովում բույսի համար։
    5. Ի՞նչ նպատակով են իրականացնում հողի արհեստական ոռոգումը, փխրեցումը:
    Անձրևների սակավությամբ պայմանավորված իրականացվում է արհեստական ոռոգում, իսկ հողը թթվածնով հագեցնելու նպատակով կատարվում է վար։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *