Անի

Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։

Անին լքվել է 1319 թվականի երկրաշարժից հետո։ Հայերը գաղթավայրեր են հիմնել հայրենիքի սահմաններից դուրս՝ Ղրիմում, Բալկանյան թերակղզում, Հյուսիսային Կովկասում և այլուր։ Ղրիմից մի մասը տեղափոխվել է Կ. Պոլիս, Գալիցիա ու Լեհաստան, մի այլ խումբ՝ ավելի ուշ Դոն գետի ափին հիմնել է Նոր Նախիջևան քաղաքը։ Ավանդությունը Անի քաղաքի վերջնական ամայացումը կապում է 1319 թվականի երկրաշարժի հետ, սակայն Երևանի արձանագրություններից մեկում անեցի Շաբայդինը 1364 թվականին անիծում է Անին քանդողներին։ 14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 16-րդ դարում Անին արդեն փոքրիկ գյուղ էր։ Ըստ երևույթին, քաղաքին մեծ հարված էին հասցրել Լենկթեմուրի արշավանքները։ 18-րդ դարում Անին ավերակների կույտ էր և պատկանում էր թուրք բեկերին։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցական կառավարությունը հանձնեց Թուրքիային։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *